Մի խումբ ՔՀԿ-ներ ՀՀ ՆԳՆ են ներկայացրել առաջարկություններ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության վերաբերյալ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ մշակել և ՀՀ ներքին գործերի նախարարությանն են ներկայացրել առաջարկությունների փաթեթ ՀՀ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026թթ․ գործողությունների ծրագրի մշակման համար:
Առաջարկությունների փաթեթում ներկայացված են քաղհասարակության կողմից քարտեզագրված ոլորտային մի շարք խնդիրներ, որոնք վերհանվել էին դեռևս անցյալ տարի դետկեմբերին ԺԶՀ նախաձեռնությամբ և Ներքին գործերի նախարարության մասնակցությամբ կայացած աշխատաժողով – քննարկման ժամանակ։
Առաջարկությունների փաթեթը մասնավորապես ներառում է լուծումերի առաջարկներ, որոնք վերաբերում են ոստիկանությունում բարեվարքության և հաշվետվողականության խնդիրներին, պարեկային ծառայության գործունեությանը, ոստիկան – քաղաքացի փոխհարաբերություններին, զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության աշխատանքին, խոցելի խմբերի պաշտպանությանը, ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի և խոշտանգումների կանխարգելմանը։
Այս բոլոր խնդիրները բխում են առաջարկությունները ներկայացրած կազմակերպությունների դաշտային աշխատանքի փորձից, մշտադիտարկումներից, ինչպես նաև քաղաքացիների հետ այս կազմակերպությունների երկարամյա աշխատանքից։
Քաղհասարակության կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել ՆԳՆ-ի հետ քննարկել լուծումները և գործողությունների կատարման ցուցիչները, ինչպես նաև ընդհանուր ռազմավարության մոնիթորինգի և գնահատման մեխանիզմը։