«Իրավունք»․ նոր խաղ՝ կրթաժամանցի համար
Հետաքրքիր ժամանց՝ գումարած նոր գիտելիքներ․ Հանրային լրագրության ակումբը և Ժողովրդավարության զարգացմանը հիմնադրամը ներկայացնում են նոր արտադրանք՝ «Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղ։ Խաղի մշակումն իրականացվել է «Դը Գեյմ» ընկերության հետ։
Խաղը նախատեսված է ինչպես ապագա իրավաբանների, այնպես էլ իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների, մանկավարժների ու իրավական ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների համար։
«Բարդ թեմաները թեթև ու խաղաֆիկացված ձևաչափերով ներկայացնելու կարիք կա», -նշում է Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը՝ հավելելով, որ խաղի միջոցով ստացած տեղեկությունն ու գիտելիքը ավելի լավ է հիշվում․«Մենք համոզված ենք, որ այս խաղը կդառնա նույնքան պահանջված, որքան մեր «Մեդիագիտակը»»։
«Իր ինտերակտիվ ձևաչափով խաղն օգնում է ուսումնասիրել բարդ իրավական հայեցակարգեր և իրավիճակներ, ինչն էլ կխթանի արդարադատության մասին հետաքրքիր զրույցներ։ Արդարադատության ոլորտի բարեփոխումը ներառում է ավելին, քան համակարգի փոփոխությունները. այն նաև հանրային ընկալումների ձևավորումն է այն մասին, թե ինչ է արդարադատությունը: Խաղը կօգնի ձևավորել այդ ընկալումները և հանրությանը մասնակից կդարձնի բարեփոխման օրակարգին»,- ասում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։
«Իրավունք» խաղը կարելի է խաղալ թե՛ անհատական, թե՛ թիմային։ Այն բաղկացած է վեց բաժնից, որում ներկայացված են հետևյալ թեմաները՝ մարդու իրավունքներ, դատաիրավական համակարգ, օրենսդիր և գործադիր մարմիններ, ժողովրդավարական մոտեցումներ, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների տեղական և միջազգային մարմիններ ու կառույցներ։ Բացի այս, խաղում ներկայացված են դատավարական իրավիճակներ, որոնց ճիշտ վճիռները խաղացողները պետք է կռահեն։
«Իրավունք» սեղանի ինտելեկտուալ խաղը ստեղծվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Ծրագիրը ներառում է նաև գործողություններ, որոնք ուղղված են նշված խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության հաղորդակցության կարողությունների բարելավմանը։