Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։
ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից ավելի վաղ իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները։ Առաքելությունը համապարփակ փաստագրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության վիճակը 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից մինչև 2023 թ․-ի սեպտեմբերի տեղահանումը։
Փաստահավաք առաքելության արդյունքներով պատրաստված «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը, որի հիմնական եզրահանգումները նեկայացվել են Վարշավայի միջոցառմանը, փաստում են՝ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողությունների միջոցով ենթարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանման և էթնիկ զտման: Փաստահավաք առաքելության ընթացքում ավելի քան 300 վկաների հետ անցկացված հարցազրույցները և բաց աղբյուրներում առկա տվյալների վերլուծությունը թույլ է տվել եզրակացնել, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։
Միջոցառմանը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների տարատեսակ խախտումներին, ինչպես նաև բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության և ներկայության հետքերը վերացնելու Ադրբեջանի քաղաքականության և գործողությունների մասին։
ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովն ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որը կարևոր հարթակ է ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների իրավիճակի մասին քննարկումների համար։ Վարշավայում կազմակերպված այս միջոցառումը հերթական հնարավորությունն էր հայաստանյան քաղաքացիական հասարակության համար ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների խախտման և տեղահանման մասին իրականացված միջազգային փաստահավաք առաքելության արդյունքները։ Որպես այս գործընթացի մաս՝ մինչ այդ ԺԶՀ-ն և գործընկեր կազմակերպությունները «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի արդյունքները ներկայացրել էին ԱՄՆ պետական մարմիններում և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կառույցներում։