Քաղհասարակությունն օգտագործում է ՄԱԿ-ի գործիքները Հայաստանում մարդու իրավունքների բարելավման նպատակով

Համընդհանուր պարբերական դիտարկումը (UPR) Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից ստեղծված եզակի գործիք է, որի նպատակն է գնահատել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում մարդու իրավունքների վիճակը։ Այն հիմնադրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից՝ աջակցելու և պաշտպանելու մարդու իրավունքները՝ դիտարկելով, թե որքանով է յուրաքանչյուր երկիր կատարում իր ստանձնած պարտավորությունները։
Հայաստանի առաջիկա համընդհանուր պարբերական դիտարկումը նախատեսված է 2025 թվականի մայիսին։
Հայաստանի ազգային դիտարկմանն ընդառաջ փետրվարի 21-ին Ժնևում կայացել էր նախնական հանդիպում, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Միջոցառումը կազմակերպվել էր UPR Info կազմակերպության աջակցությամբ։
Որպես շարունակություն այս աշխատանքների՝ մարտի 3-ին ԺԶՀ-ն իր գրասենյակում անցկացրել է տեղեկատվական հանդիպում, որին մասնակցել են Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), Մարդու իրավունքների տուն ՀԿ-ի, ՓԻՆՔ Արմենիա-ի, Կանանց ռեսուրսային կենտրոնի և Կանանց աջակցման կենտրոնի և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակներն էին․
- Քննարկել, թե որքանով է Հայաստանի կառավարությունն իրականացրել 2020 թվականի համընդհանուր դիտարկման ընթացքում ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկությունները,
- Ներկայացնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հիմնական մարտահրավերները և մտահոգությունները,
- Քննարկել նոր առաջարկությունները 2025 թվականի վերանայման համար։

Ավելի վաղ՝ 2024 թվականի հոկտեմբերին, ԺԶՀ-ն և մի քանի տասնյակ ՔՀԿ-ներ համատեղ ներկայացրել էին Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույց՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում։
Զեկույցը ներառում է մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, կյանքի իրավունքի պաշտպանության, գենդերային բռնության դեմ պայքարի, հավաքների ազատության, արտահայտման և տեղեկատվության ազատության, ընտրական իրավունքի, խտրականության կանխարգելման, սեփականության, առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքների, կյանքի, առողջապահության և կրթության իրավունքների վերաբերյալ։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների այս ջանքերն ուղղված են Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների կատարմանը և այդ ոլորտներում շարունակական բարեփոխումներին։